«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն կաջակցի Երեւանի 2800-ամյակի միջոցառումներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկի գլխավորած պատվիրակության հետ:

Տարոն Մարգարյանը նկատել է, որ ընկերության հետ համագործակցությունն արդյունավետ է եւ

ունի ընդլայնման հնարավորություններ:

«Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երեւանի համար հոբելյանական տարի է: Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակն ու, ըստ այդմ տարին լինելու է բավականին հագեցած թե՛ միջոցառումներով եւ թե՛ տարբեր նախաձեռնություններով: Եվ այդ համատեքստում մենք ակնկալում ենք նաեւ մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը: Ի դեպ, հայաստանյան բոլոր արտադրողներին արդեն առաջարկել ենք հաջորդ տարի իրենց արտադրանքների վրա զետեղել նաեւ 2800-ամյակի հոբելյանական տարբերանշանը, ինչը սիրով է ընդունվել: Կարծում եմ, որ Ձեր ընկերությունը եւս կմիանա այս նախաձեռնությանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քրիստոֆ Սպեկն էլ նկատել է, որ նախաձեռնությունն իսկապես ինքնատիպ է ու ողջունելի, եւ ընդգծել, որ իրենց ընկերությունը եւս սիրով կմիանա նախաձեռնությանը:

«Էրեբունի-Երեւան տոնակատարության հետ կապված ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այն իսկապես հիացրել է ինձ: Ես շատ երկրներում եմ եղել, սակայն այն ջերմությունն ու բնակիչների տոնին մասնակցելու ակտիվությունը, որ տեսա Երեւանում, հավատացեք որեւէ տեղ չեմ տեսել եւ վստահեցնում եմ, որ դա, իրոք, ոգեւորիչ էր: Իսկ նման մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը որպես ընկերություն մասնակցություն ունենալը, համոզված եղեք, որ մեզ համար իսկապես պատիվ կլինի ու, վստահեցնում եմ, որ մենք մեծ պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ պատրաստ ենք անմիջական մասնակցություն ունենալ հոբելյանական տարվա հետ կապված նախաձեռնություններին, այդ թվում՝ հանդես գալով որպես աջակից»,- նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը: