Վարչապետ. Գյուղոլորտում պետք է վերանայենք մեր ստանդարտ մեթոդները

Այսօր Երեւանում բացվել է «Հայագրոֆորում» համաժողովը, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում եւ ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Օբյեկտիվորեն գնահատելով

այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության եւ արդյունավետության պակասը եւ այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետեւողական աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության բարեփոխումների ոլորտում կառավարության գործողությունները կլինեն շարունակական եւ ոլորտի պահանջներին համահունչ:

«Միասին պարբերաբար կքննարկենք թե՛ խնդիրները, եւ թե՛ զարգացման ուղիները: Սա է այսօրվա տրամաբանությունը՝ պետությունը եւ մասնավորը պետք է միասին քրտնաջան աշխատեն՝ զարգացնելու բոլորիս համար այս կարեւորագույն ոլորտը: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք հետեւողականորեն, տարեցտարի ունենալու ենք այլ գյուղատնտեսություն: Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենք մեծ ներուժ, պարզապես այստեղ պետք է անենք որոշակի փոփոխություններ, մի փոքր վերանայենք մեր ստանդարտ մեթոդները: Մենք շուկաների խնդիր չունենք, եթե արտադրում ենք ճիշտ որակի ապրանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է, եւ 3,5-4 տարվա ընթացքում ունի հետվերադարձի տրամաբանություն:

«Առկա է ստարտային կապիտալի խնդիր եւ տրամադրվող վարկերն ուղղված են հենց դրան: Այս բիզնեսի համար վարկերի տոկոսը կրիտիկական չէ, մենք պարզապես ցանկանում ենք մեր ծրագրերով նշել գյուղատնտեսության կոնկրետ ուղղություններ, որպեսզի լինեն հաջող օրինակներ եւ դրանք վարակի նման տարածվեն»,- ասել է վարչապետը: