Կառավարությունում նշել են, որ փոփոխություններով առաջարկվում է Հայաստանում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրումը եւ ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ եւ առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը:
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են նաեւ վերահսկողության այլ միջոցառումներ:
Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը եւ անվտանգության բարձրացման գործում կարեւորել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը:
Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը եւս մեկ անգամ լրամշակել եւ այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Զեկուցվել է նաեւ, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Ոստիկանությունը: