Deutsche Bank. Մարդիկ vs ռոբոտներ

Deutsche Bank-ի գլխավոր տնօրեն Ջոն Կրայենը մտադիր է կրճատել «զգալի թվով» աշխատակիցների՝ համարելով, որ ռոբոտները կարող են փոխարինել իր անձնակազմի մեծ մասին:

Ինչպես հաղորդում է Banki.ru կայքը, Deutsche Bank-ի ղեկավարն արդեն

կրճատել է հազարավոր աշխատակիցների, իսկ վերջերս Financial Times-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ բանկային խնդիրների ավտոմատացման համար պատրաստ է ավելի խորությամբ ներդնել արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները:

Այժմ բանկում աշխատում է 97 հազ. մարդ, սակայն իր մեկնաբանություններից մեկում Ջոն Կրայենը նշել է, որ Deutsche Bank-ի գլխավոր մրցակից բանկերում աշխատավարձ է ստանում այդ թվի մոտ կեսը: Նրա խոսքով՝ բանկի հաշվապահները, որոնք «շատ ժամանակ են ծախսում հաշվարկների վրա», պետք է կողմնորոշվեն եւ նոր զբաղվածություն գտնեն:

Deutsche Bank-ի ղեկավարը կարծում է, որ վաճառքի ծավալների եւ աշխատակիցներին պահելու համար անհրաժեշտ առեւտրային գործառույթների հարաբերակցությունը խախտված է: Բանկային գործառնությունների իրականացման ժամանակ կիրառվել է չափից շատ մեխանիկական աշխատանք եւ ստեղծվել են սխալվելու ավելի շատ հնարավորություններ: Բանկի վերակազմավորման հնգամյա ծրագրի շրջանակում Ջոն Կրայենը ձգտում է փակել մասնաճյուղերը:

Greenwich Associates խորհրդատվական ընկերության կանխատեսումներով՝ հաջորդ տարվա վերջին ֆինանսական ընկերությունների մոտ 75%-ը կուսումնասիրի կամ արդեն կներդնի արհեստական բանականության տեխնոլոգիաները: Ընկերության փորձագետների կարծիքով՝ արդյունքում սպառնալիքի տակ կարող է հայտնվել այդ ոլորտի աշխատակիցների մոտ 15%-ը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`