Պատասխանելով հեռահաղորդակցության ոլորտի հեռանկարներին վերաբերող հարցին՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացածության առումով Հայաստանը չի զիջում զարգացած շատ երկրների: Այնուամենայնիվ, ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենի, կապի ոլորտի եկամտաբերությունը գնալով հետզհետե նվազում է, ոլորտը թեւակոխել է անկման փուլը, ինչը գլոբալ գործընթացի մաս է կազմում: Ինտերնետի տարածումը հանգեցրել է ձայնային ծառայությունների եկամտաբերության անկման: Ինտերնետի վրա հիմնված ծառայությունների մատչելիությանը զուգահեռ՝ ոլորտում անկում է արաձանագրվել միջազգային զանգերից գոյացող եկամուտների կտրվածքով: Ինտերնետի սպառման ծավալների ավելացումով պայմանավորված՝ եկամտաբերության աճը, այնուամենայնիվ, դեռեւս ի զորու չէ փոխհատուցելու ձայնային ծառայություններից գոյացող եկամուտների ծավալի անկումը: Անդրադառնալով ոլորտի մրցակցությանը՝ Ռալֆ Յիրիկյանը բարձր է գնահատել ոլորտը կարգավորող մարմինների աշխատանքը՝ ուղղված մրցակցության խթանմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ծրագրերն իրականացվում են գործառնական շահույթից առաջացող միջոցների հաշվին: Սոցիալական ներդրումներին ուղղված այդ ծրագրերն ամեն տարի հաշվարկում եւ ներառվում են բյուջեի մեջ: ԿՍՊ շրջանակում իրականացվող աշխատանքների գումարային ծավալները տարեցտարի նվազում են: Հետեւաբար՝ աշխատանքներ են տարվում ծրագրերի ինքնարժեքը նվազեցնելու, դրանց մանրազնին գնահատման ուղղությամբ, որպեսզի բյուջեի նվազումը ծրագրերի քանակի վրա էականորեն չանդրադառնա: Հիմնական թիրախը, վերջին տարիների ընթացքում, սահմանամերձ գյուղերն են, որտեղ բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում: