rel="stylesheet">
ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 22-ին նախնական հավանություն է տվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը:
«Նշված գործարքի կնքումից հետո «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ն կմիանա «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ի որպես առանձին իրավաբանական անձի գործունեությունը կդադարի եւ նրա բոլոր իրավունքներն ու պարտականությունները կանցնեն պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Միացյալ բանկը շուկայում հանդես կգա Արդշինբանկ բրենդի ներքո»,- ասված է Արդշինբանկի տարածած հաղորդագրությունում: Այս փուլում Արդշինբանկի եւ Առեկսիմբանկի բոլոր մասնաճյուղերի գործունեության վայրերը եւ հաղորդակցման միջոցներն անփոփոխ են եւ տեղադրված են համապատասխանաբար ardshinbank.am եւ areximbank.am ինտերնետային կայքերում: «Արդշինբանկի եւ Առեկսիմբանկի հաճախորդները սպասարկվում են բնականոն կերպով` կնքված պայմանագրերի շրջանակում, որոնք կարող են լուծվել` պահպանելով պայմանագրերով նախատեսված կարգը եւ ժամկետները: Միացման արդյունքում Արդշինբանկը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների եւ մասնաճյուղային ցանցի առումով»,- նշել են բանկում: Արդշինբանկի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 մլրդ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 մլրդ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի 72 ունիվերսալ մասնաճյուղերից: «Բանկերի միացումը թույլ կտա միավորել ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները եւ բարձրորակ մասնագետների ջանքերը եւ զգալիորեն կընդլայնի Արդշինբանկի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բիզնեսի ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում: